Jump to content

Հայկ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Սահակյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 2000(2000-12-21)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2020(2020-10-01) (19 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունՀայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

Հայկ Հարությունի Սահակյան (հայտնի է նաև՝ Ռիժիկ, դեկտեմբերի 21, 2000(2000-12-21), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 1, 2020(2020-10-01), Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ Հադրութում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 2006-2015 թվականներին հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց։ 2015-2018 թվականներին սովորել է թիվ 65 ավագ դպրոցում։ Փոքր հասակից հետաքրքրված է եղել երաժշտությամբ։ 2007-2014 թվականներին հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 2015-2018 թվականներին սովորել է նույն դպրոցի կոնտրաբասի բաժնում և նվագել օրկեստրում։ Փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում, երգում էր։ 2010-2013 թվականներին խաղացել է բասկետբոլի ԽՄՕՄ թիմում։ Ցանկություն է ունեցել ընդունվել կոնսերվատորիա, սակայն միշտ երազել է ճարտարապետ դառնալու մասին։

2018 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուց հետո մտափոխվել է և տեղափոխվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան[1]։ Շատ էր սիրում գիրք կարդալ, ընդլայնել իր գիտելիքները։

2019 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է ծառայության՝ Հադրութի զորամասում։ Մասնակցել է Հայ-ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի ընթացքում մշակել է շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել։ Ընկերների հետ, 8 ժամ անընդմեջ քայլելով, զինակիցներին սնունդ է հասցրել։ Կրակի գոտուց դուրս է բերել զոհված ընկերներին։

Քաջաբար ընկել է հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս։ Վերադարձին մնացել էր 4 ամիս։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է Արիության մեդալի։

Հայկի մասին իրենց գրքերում հիշատակել են Սոնա Վանյանը («Մարդը և մարտը»[2]) և Վարդան Հարությունյանը («Ռիժիկը. Չորդեգրված կարոտ»[3]):

Հայկ Սահակյանն ամուսանացած չէր, սակայն պատրաստվում էր նշանվել Լուիզա Թադևոսյանի հետ, ում հետ ծանոթացել էին ավագ դպրոցում։ Հայրը՝ Հարություն Սահակյանն է, մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, եղբայրը՝ Գևորգ Սահակյանը։

Հուշեր Հայկ Սահակյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրահասակ էր, սպիտակամաշկ, ուներ շատ մեծ ու սիրուն նշաձև աչքեր, պեպեններ ուներ. նեղվում էր, ասում էր՝ քեռ, ի՞նչ անեմ, որ պեպեններս չերևան (փոքր տարիքում կաշկանդվում էր), իհարկե վերջում սիրեց իր պեպենները և հաշտվեց դրանց գոյության հետ։ Տատիկը միշտ ասում էր՝ Հայկ ջան, մի նեղվիր. դա արևի համբույրն է[4]։
- Արմեն Հովհաննիսյան, Հայկի մորեղբայր
Հայկը կատակասեր էր…անչափ կատակասեր։ Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր։ Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին։ Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և հայերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա։ Ինքնուրույն ընդունվեց համալսարան[4]։
- Արմեն Հովհաննիսյան, Հայկի մորեղբայր
Հայկն ինձ համար ամեն ինչ էր, իմ երջանկությունն էր ու ապագան։ Արդեն վաղուց ամեն բան ապագայի հետ կապված միասին էինք պլանավորում, զորացրվելուն պես պետք է մեր փոքրիկ բիզնեսը հիմնեինք, այնուհետեւ նշանադրվեինք
- Լուիզա Թադևոսյան, Հայկի ընկերուհի
Նա բոլորիս համար եղել է թե օրինակելի ընկեր, թե օրինակելի մարդ։ Շատ հանգիստ բնավորություն ուներ։ Ճկուն մտածելակերպ, ամեն ինչի լուծումը գտնում էր շատ կարճ ժամանակում։ Մինչև վերջ նվիրվում էր այն մադկանց, ում սիրում էր, նրանց համար չէր խնայում ոչինչ։ Շատ ենք ունեցել հիշարժան, հետաքրքիր ու աննկարագրելի լավ օրեր։ Միշտ ասում ու ուզում էր, որ ընկերներով միասին լինենք՝ մի բռունցքի նման, հասկացող ու զիջող մեկս մյուսի նկատմամբ
- Հայկի ընկերներից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկ Սահակյան (2000 - 2020)». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  2. Դաշտենց, Անուշ (2020 թ․ դեկտեմբերի 26). ««Մարդը և մարտը»․ Սոնա Վանյանի գիրքը՝ 44-օրյա պատերազմի տղաների մասին». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  3. Journalist.am. ««Չորդեգրված կարոտ» | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ». Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 Technologies, Peyotto. «Հայկն ու Մխոն կենդանի վահան են դարձել՝ փրկելով մյուս ընկերոջ կյանքը․ զոհված զինծառայողի հարազատ». iravaban.net. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]